Մարմնամարզությունը հատուկ ընտրված ֆիզիկական վարժությունների համակարգ է, որը նպաստում է մարդու ֆիզիկական համակողմանի զարգացմանը և առողջության ամրապնդմանը: Մարմնամարզության կանոնավոր պարապմունքները բարելավում են սիրտանոթային և շնչառական համակարգերի գործունեությունը, ամրացնում հենաշարժական ապարատում նյութափոխանակությունը, կատարելագործում ֆիզիկական ծանրաբեռնվածություններին հարմարվելու մեխանիզմը:
Մարմնամարզությունը նպաստում Է մարդու ֆիզիկական համաչափ զարգացմանը, ձևավորում գեղեցիկ կեցվածք, ամրացնում մկանունքը, հատկապես` ձեռքերի, ուսագոտու, որովայնի, զարգացնում է ճկունությունը, կատարելագործում շարժումների համաձայնեցումը:
Հենաշարժական համակարգի վրա ընտրողաբար ազդելու, ըստ ճիգերի մեծության, շարժումների ամպլիտուդի, տեմպի, կրկնության քանակի՝ վարժությունները չափավորելու հնարավորությունը, շնչառության հետ որոշակի զուգորդումները թույլ են տալիս ցանկացած տարիքի ու սեռի, տարբեր առողջության և ֆիզիկական պատրաստվածության մարդկանց զբաղվել մարմնամարզությամբ:
Չի կարելի պարապմունքներն սկսել առանց բժշկի հետ խորհրդակցելու: Մարմնամարզությունը լինում Է ընդհանուր զարգացնող, սպորտային և կիրառական: Ընդհանուր զարգացնող մարմնամարզությունը լինում է հիմնականում հիգիենային, ռիթմային (աէրոբիկա), աթլետիկական, սպորտային մարմնամարզությունը՝ բուն մարզական, ակրոբատիկական, գեղարվեստական, կիրառական մարմնամարզությունը՝ արտադրական, մասնագիտակիրառական, ռազմակիրառական և բուժական:
Մարմնամարզությամբ կանոնավորապես զբաղվելիս զարգանում է ոչ միայն երեխաների շարժողական գործունեությունը, այլև նրա հետ կապված կենտրոնական նյարդային համակարգը, կատարելագործվում են սիրտանոթային, շնչառական, նյարդամկանային համակարգերը, բարելավվում է նյութափոխանակությունը:
Նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների պարապմունքների համալիրները պարունակում են ուսագոտու, փորի, մեջքի, ոտքերի մկանները ելման տարբեր դիրքերից (կանգնած, նստած, պառկած) ամրապնդելու ընդհանուր զարգացնող վարժություններ: Համալիրներում կան նաև հիմնական շարժողական ունակությունները զարգացնող և կատարելագործող, հավասարակշռության վարժություններ:
2 տարեկանից սկսած՝ երեխայի հետ հարկավոր է անցկացնել ճիշտ կեցվածք ձևավորող և ամրապնդող, 3-4 վարժություն պարունակող ամենօրյա առավոտյան մարմնամարզություն: Պարապելիս երեխաներին պետք է հագցնել թեթև, ազատ հագուստ: Դպրոցական տարիքի երեխաների մարմնամարզության պարապմունքները բնորոշվում են նրանց տարիքային զարգացման յուրահատկություններով:
Չզարգացած ոսկրամկանային համակարգով և շարժումների անկայուն համաձայնեցվածությամբ 7-9 տարեկան երեխաներին խորհուրդ Է տրվում կատարել շարվելու և շարափոխվելու, փոքր ու մեծ գնդակներով, ակրոբատիկ և պարային շարժումների տարրերով ճշգրիտ կեցվածք ձևավորող, հավասարակշռության վարժություններ, մագլցումներ, քայլք, վազք, թռիչքներ: Հանձնարարվում է կատարել բազմազան շարժումներով և դիրքերով հաճախակի փոփոխվող վարժություններ, առավելապես կիրառել խաղային մեթոդները:
10-14 տարեկան երեխայի օրգանիզմն արագ աճում է, շարժող, ունակություններն անհավասարաչափ են զարգանում, որի հետևանքով շարժումների համաձայնեցումը երբեմն խանգարվում է: Դա կարելի է վերացնել համեմատաբար բարդ և դժվար մարմնամարզական վարժություններով: 5-րդ դասարանից սկսած՝ տղաներին հանձնարարվում են մարզական գործիքների վրա կատարվող ուժային և տոկունության վարժություններ, պայքարի տարրեր, աղջիկներին՝ գեղարվեստական մարմնամարզության տարրեր:
15-17 տարեկանում հիմնականում ավարտվում է հենաշարժական ապարատի ձևավորումը: Պատանիների վարժությունները կատարելագործում են շարժողական ունակություններ, օգնում նախապատրաստվելու աշխատանքի: Հիմնական մարմնամարզությամբ զբաղվող աղջիկների համար հաշվի են առնում նաև ձևավորվող կանացի օրգանիզմի կենսաբանական հատկությունները: Տարեց հասակում մարմնամարզության պարապմունքները կանխարգելում են վաղաժամ ծերացումը:
Комментариев нет:
Отправить комментарий